Արտարժութային ռիսկեր-արտաքին ազդակներ
2022թ. փետրվարից ծավալված ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքի կողմից շարունակվում է աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառվել Ռուսաստանի վրա: Որն իհարկե չի կարող ազդեցություն չունենալ վերջինիս հետ տնտեսական ամուր կապեր ունեցող ԱՊՀ տարածաշրջանի երկրների վրա:
Ի պատասխան այս պատժամիջոցների Ռուսաստանը ևս պատժամիջացներ է սահմանել Արևմուտքի նկատմամբ, այսպիսով փոխելով երկար տարիներ ձևավորված միջազգային տնտեսական հարաբերությությունների ուղղությունը և ձևավորված կառույցների նշանակությունը:
2022թ. ապրիլի 20-ին Մոսկավայում Ն. Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Մ. Միշուստինի հանդիպման ժամանակ վերջինս նշեց,- ՚՚Ռուսաստանի դեմ ոչ բարեկամ երկրների կողմից կիրառված անօրինական պատժամիջոցների պայմաններում ի հարկե կարևոր է, որ երկկողմ առևտրում ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները, զարգացնել արդյունաբերական կոոպերացիաները, ստեղծել առևտրի նոր հնարավորություններ՚՚:
ՌԴ-ն ՀՀ ամենամեծ առևտրային գործընկերն է։ 2021թ. դրությամբ դեպի ՌԴ ապրանքների արտահանումը կազմել է ընդհանուր արտահանման 28%-ը, ՌԴ-ից ներմուծումը՝ ընդհանուր ներմուծման 33%-ը։ Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքում ՌԴ-ից դրամական փոխանցումները կազմում են շուրջ կեսը, ինչն արտացոլում է սեզոնային աշխատողների մեծ հոսքը դեպի ՌԴ և հայկական մեծ համայնքի առկայությունը ՌԴ-ում։ ՌԴ-ից ներդրումները ձևավորում են ՀՀ-ում կատարվող օտարերկրյա ներդրումների շուրջ 40%-ը: Բացի այդ, ՀՀ-ն հյուրընկալում է մեծաթիվ ՌԴ զբոսաշրջիկների, որի արդյունքում 2021թ. տուրիզմից ձևավորվող գումարների 40%-ը գոյացել է ՌԴ զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններից։
ՀՀ և ՌԴ Տնտեսական կապերը
Հաշվի առնելով երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները, տրանսֆերտների քանակը, և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը երկու երկրների միջև հաշվարկների իրականացումը ազգային արժույթներով կնվազեցնի եվրոյի և դոլարի դերը տնտեսությունում և տարածաշրջանում՝ բերելով վերջինիս արժեզրկմանը:
Ժամանակին այս ճանապարհով գնաց ևս Եվրոպան՝ ստեղծելով եվրոն և եվրոգոտին՝ երբ հասկացան որ դոլարի վրա հիմնված գործարքներում արտարժույթի մեծածախ փոխարկման շուկաներում կորուստներ են կրում:
Ռուսաստանի ապադոլարիզացիայի քաղաքականությունը սկսել է դեռևս 2014թ., երբ Ռուսաստանի կողմից Ղրիմի անկախությունը ճանաչելուց հետո Արևմուտքը սկսեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամաբ:
2022թ. փետրվարին ՌԴ նախագահ Վ. Պուտինը Չինաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշեց իր անհանգստությունը կապված ՆԱՏՈ-ի ընդլանման հետ և ընդգծեց ապադոլարիզացիայի և միասնական ասիական արժույթի ստեղծման անհրաժեշտությունը:
Դեդոլարիզացիայի այլընտրանք է երկրների միջև արտարժույթի Սվոպ գործարքների ընդլայնումը կամ այլընտրանքային արժույթի ստեղծումը՝ օրինակ կենտրոնական բանկերի թվային արժույթները՝ central bank digital currency (CBDC):



Ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
2022թ. փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական փուլում, երբ Արևմուտքը դեռ առաջին պատժամիջոցներն էր սկսել կիրառել, շուկայի սպասումները կապված ռուբլու և դրամի արժեզրկման հետ բերեց դոլարի և եվրոյի նկատմամբ պահանջարկի աննախադեպ աճի: Արդյունքում 2 շաբաթվա կտրվածքով ունեցանք դոլարի փոխարժեքի շուրջ 8 տոկոս, իսկ եվրոյի փոխարժեքի շուրջ 6 տոկոս աճ, և հակառակը՝ ռուբլին արժեզրկվեց 34 տոկոսով՝ գրանցելով 1 ռուբ 3.74 դրամ, իր պատմական մինիմում արժեքը:
Սակայն իրավիճակը փոխվեց սկսած մարտի վերջից, երբ Ռուսաստանը պատասխան միջոցներ ձեռնարկեց Արևմուտքի հանդեպ: Մասնավորապես այդ միջոցներից մեկն էր ռուսական գազի դիմաց վճարումների նոր կարգի մասին հրամանագրի ստորագումը Վ. Պուտինի կողմից, որի համաձայն Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլու հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից պետք է կատարվեն գազի վճարումները՝ սկսած 2022 թվականի ապրիլի 1-ից: Ապրիլ ամսից սկսած սկսվեց նկատվել դոլարի և եվրոյի փոխարժեքի անկում, եվրոն՝ շուրջ 16 տոկոս, դոլարը՝ 12 տոկոս:
ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականություն
Եթե գնահատենք մեր ԿԲ արտարժույթային պահուստների շարժը, ապա կտեսնենք, որ հունվար ամսվա դրությամբ ունեցել ենք 3138 մլն ԱՄՆ դոլար, իսկ մարտի դրությամբ այն կազմել է 2922 մլն, այսինքն նվազումը կազմել է 216 մլն դոլար:
ԿԲ-ն ստերիլիզացիոն գործիքների միջոցով դրամ է մտցնում տնտեսության մեջ, ձեռք է բերում դոլար, հանելով շրջանառությունից տեղաբաշխում է իր պահուստներում, իսկ այնուհետև եթե տնտեսությունում լրացուցիչ քանակությամբ դրամ է առաջանում, վերջինս էլ պարտատոմսերի թողարկմամբ է դուրսբերվում շրջանառությունից, որպեսզի գնաճ տեղի չունենա: Գնաճային ճնշումը զսպելու համար ՀՀ ԿԲ-ն սկսեց վարել ավելի կոշտ դրամավարկային քաղաքականություն՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա կհանգեցնի տնտեսության վարկավորման նվազման և տնտեսական աճի տեմպերի նվազման: Սակայն մենք այնուամենայնիվ նկատում ենք, որ այս շրջանում ունենք նաև գնաճ: Վերջինս կարող է պայմանավորված լինել նաև համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ՝ առաջարկի սահմանափակումներին զուգահեռ, որը նպաստել է էներգակիրների և պարենային ապրանքների միջազգային բարձր գների ձևավորմանը: Մեկ այլ գործոն է նաև Ռուսաստանից Հայաստան պատերազմական շրջանում տուրիզմի աճը: Լրատվական կայքերում շրջանառվող տվյալներով հակամարտության սկզբից մինչև մարտի վերջ ՌԴ-ից ՀՀ են ժամանել թվով 85 000 քաղաքացիներ, որից շուրջ 50 000-ը՝ ՌԴ քաղաքացիներ, օտարերկրացիաների կողմից իրականացվել են իրավաբանական անձանց 1206 գրանցումներ, ինչպես նաև բանկային համակարգում բացվել են ոչ ռեզիդենտների 17 532 հաշիվներ։
Արտարժույթի փոխարժեքի անկումը պայմանավորված է նաև վերջինիս առաջարկի գերազանցմամբ պահանջարկի նկատմամբ: Պատճառներից մեկն էլ կարող է պայմանավորված լինել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարմամբ: Հատկանշական է նշել, որ Ադրբեջանը միակ ԱՊՀ երկիրն էր, որ հրաժարվեց ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել:
Նշենք նաև, որ կատարված հետազոտությունների արդյունքում տնտեսագետները եկել են այն եզրահանգմանը, որ ՌԴ տնտեսական աճի տարեկան շուրջ 1.0 տոկոսային կետով դանդաղումն առաջին տարում հանգեցնում է դոլարի նկատմամբ դրամի 1.8 տոկոսային կետով լրացուցիչ արժեզրկման և 0.2 տոկոսային կետով միջին տարեկան գնաճի արագացման:
Ամփոփում և գործնական լուծումներ
ՌԴ նկատմամբ կիրառված երկրորդ փուլի՝ 2022թ. պատժամիջոցների ազդեցություններ
- 2022թ․ ՌԴ տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների և փորձագետների կանխատեսումները մատնանշում են 7%-ից 15%-ի անկման ցուցանիշներ, իսկ 2023-ի համար՝ շարունակվող անկում կամ աննշան վերականգնում:
- ՀՀ տնտեսական զարգացումների երեք հիմնական սցենարներ՝ հենվելով ՌԴ տնտեսական աճի միջազգային կանխատեսումներից բխող հավանական երեք սցենարների վրա. հիմնական (2022թ.՝ 11% անկում, 2023թ.՝ 3% անկում), լավատեսական (2022թ.՝ 7% անկում, 2023թ.՝ 1% անկում) և վատատեսական (2022թ.՝ 15% անկում, 2023թ.՝ 5% անկում)։ Այդ սցենարներով գնահատվում է, որ 2022թ. ՀՀ տնտեսական աճը կարող է գտնվել 1.3% աճից 3.0% անկման միջակայքում, իսկ միջնաժամկետում ՌԴ տնտեսության շոկի արդյունքում ՀՀ տնտեսությունը կկորցնի իրական ՀՆԱ-ի նախաճգնաժամային ներուժը։
- Հաշվի առնելով շոկի բնույթը, այս շոկին հակազդելու գործում առանցքային դեր պետք է ունենա հարկաբյուջետային քաղաքականությունը (որպես շոկի հիմնական կլանիչ), որի արագ և թիրախային արձագանքն անհրաժեշտ է լինելու մեղմելու արտաքին աշխարհից եկող տնտեսական բացասական ազդեցությունները ՀՀ տնտեսական ակտիվության վրա։