Ինչպես ցանկացած ապրանքի գին, արժույթի փոխարժեքը ևս արժույթի առաջարկի և պահանջարկի ազդեցության հետևանքով կարող է շեղվել կամ տատանվել իր արժեքային հիմքի շուրջ: Արժույթի առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը կախված է մի շարք գործոններից, որոնց մի մասը ուղղակիորեն կախված է երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունից: Ազդող գործոնները փոխկապակցված են, և տարբեր իրավիճակներում կամ ժամանակաշրջաններում դրանց միայն որոշ մասն է հանդես գալիս որպես արժույթի փոխարժեքի ձևավորման որոշիչ գործոն:
Իսկ որոնք են այն հիմնական գործոնները, որոնք ազդում են արտարժույթի փոխարժեքի վրա
Ինֆլյացիա
Ինֆլյացիան դա արժույթի հարաբերական գնողունակությունն է այլ արտարժույթների նկատմամբ: Օրինակ՝ մի երկրում նույն խնձորը կարող է արժենալ 1 միավոր, մեկ այլ երկրում՝ 1000 միավոր՝ պայմանավորված տվյալ երկրում ինֆլյացիայի բարձր մակարդակով:
- Տոկոսադրույքը
Տոկոսադրույքները սերտ կապված են ինֆլյացիայի մակարդակի և արտարժույթի փոխարժեքի հետ: Օրինակ՝ բարձր տոկոսադրույքները ներգրավում են օտարերկրյա կապիտալ, որն էլ նպաստում է ազգային արժույթի արժեվորմանը: Սակայն պետք է հաշվի առնել, որ, բարձր տոկոսադրույքները երկարաժամկետ պահպանվելու դեպքում հակառակ արդյունք կտան՝ աստիճանաբար ավելացնելով ինֆլյացիայի մակարդակը:
- Պետական պարտքը
Շատ երկրներ իրենց բյուջեն ֆինանսավորում են՝ օգտագործելով պակասորդի լայնամասշտաբ ֆինանսավորում: Երբ տնտեսական աճը բավարար չէ պետական պարտքի ֆինանսավորման համար, սա կարող է բերել ինֆլյացիայի աճի և դադարեցնի օտարերկրյա ֆինանսական ներդրումները: Որոշ դեպքերում կառավարությունը կարող է փող տպել՝ պարտքի ֆինանսավորման համար, ինչն էլ կնպաստի ինֆլյացիայի աճին:
- Քաղաքական կայունությունը
Քաղաքական կայունությունը նպաստում է օտարերկրյա ներդրումների ավելացմանը, որն էլ ամրապնդում է ազգային արժույթը: Եվ հակառակը, քաղաքական անկայունույթունը բերում է ազգային արժույթի արժեզրկմանը: Քաղաքական կայունությունը նաև ազդում է տնտեսության շարժիչ ուժերի և ֆինանսական քաղաքականության վրա: Երկու գործոններ, որոնք երկարաժամկետ ազդեցություն են ունենում արտարժույթի փոխարժեքի վրա:


Առողջ տնտեսություն
Առողջ տնտեսությունը արտարժույթի փոխարժեքի վրա ազդող մեկ այլ գործոն է: Օրինակ՝ եթե երկրում գործազրկության մակարդակը ցածր է, դա նշանակում է, որ մարդիկ ավելի շատ փող ունեն և ինչն էլ օգնում է կառուցել ամուր տնտեսություն: Ամուր տնտեսություն ունեցող երկիրը ներգրավում է ավելի շատ արտաքին ներդրումներ, որն էլ նպաստում է ազգային արժույթի արժևորմանը: Այստեղ տեղին կլինի նշենք, որ առողջ տնտեսությունը ավելի շատ համապարփակ գործոն է, որն իր մեջ ներառում է բազում այլ գործոններ՝ տոկոսադրույք, ինֆլյացիա և առևտրային հաշվեկշիռ:
Առեվտրային հաշվեկշիռ
Առևտրային հաշվեկշիռը դա երկրի արտահանման և ներմուծման հարաբերական տարբերությունն է: Եթե երկիրը ունի դրական առևտրային հաշվեկշիռ, դա նշանակում է, որ արտահանումը գերազանցում է ներմուծումը: Այս դեպքում արտարժույթի ներհոսքը գերազանցում է արտահոսքը՝ նպաստելով տնտեսական աճին և ազգային արժույթի ամրապնդմանը:
Ընթացիկ հաշվի դեֆիցիտ
Եթե երկրի ընթացիկ հաշվի դեֆիցիտը ավելի բարձր է, քան իր առևտրային գործընկեր երկրի ընթացիկ հաշվի դեֆիցիտը, սա կարող է թուլացնել ազգային արժույթը՝ գործընկեր երկրի արժույթի նկատմամբ:
- Սպեկուլյացիա
Սպեկուլյացիայի դեպքում արտարժույթի փոխանակումները ունեն իռացիոնալ և կարճատև բնույթ: Երբեմն սա կարող է տեղի ունենալ տնտեսական, քաղաքական նորությունների ֆոնին, եթե անգամ նման նորությունները որևէ ազդեցություն չունեն փոխարժեքի վրա:
- Պետական ինտերվենցիա
Կենտրոնական բանկը ունի գործիքներ, որով ազդում է փոխարժեքի վրա՝ ազդելով տոկոսադրույքների վրա, փող տպելով, արտարժույթ գնելով: Հիմնական նպատակը՝ ազդելով փոխարժեքի վրա նպաստել արտարժույթի շուկայի կայունացմանը և տնտեսական աճին:
Խորհրդատվություն
Հայաստանի տնտեսության վերաբերյալ համապարփակ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել մեր փորձառու մասնագետներին: